Արցախում շուրջ 300 ռուս խաղաղապահ պլանային վերապատվաստում է անցել

Վերապատվաստումն անցել են նախևառաջ բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի շուրջ 300 զինծառայողների COVID-19-ի պլանային վերապատվաստումն ավարտել է Ղարաբաղում «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» (Սպուտնիկ V) պատվաստանյութի առաջին բաղադրիչով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահներն Արցախի դպրոցականներին խմելու ջուր են հասցրել. տեսանյութ
Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում հատուկ նշանակության բուժանձնակազմի մասնագետները զինծառայողների վերապատվաստում են անցկացրել COVID-19-ի դեմ:
«Ընդհանուր առմամբ 296 զինծառայող է պատվաստվել։ Սրանք այն զինծառայողներն են, որոնք կես տարի առաջ COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրս են ստացել։ Պատվաստումից հետո բարդություններ չեն հայտնաբերվել։ Պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը կներարկվի 21 օրից»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի սանիտարա-համաճարակաբանական բաժանմունքի պետ Մաքսիմ Լիտվինովը։
«Սպուտնիկ V» պատվաստանյութ ստանալուց առաջ զինծառայողներն անցել են ՊՇՌ-թեստավորում, բժշկական զննում, նրանց հայտնել են հակացուցումների մասին ու հանձնարարականներ տվել՝ կապված առաջին ու երկրորդ բաղադրիչների կրկնակի ներարկման հետ:
Վերապատվաստում են անցել, նախևառաջ, բուժաշխատողները, հրամանատարական կազմը և հերթապահ ստորաբաժանումները, ապա մնացած զինծառայողները:
Ռուս խաղաղապահները Հայաստանից մարդասիրական բեռ են տեղափոխել Արցախ
Վերապատվաստման ենթակա էին միայն այն զինծառայողները, որոնք հակացուցումներ չունեին։ Զինծառայողների պլանային վերապատվաստումն իրականացվում է խաղաղապահ առաքելության խնդիրների կատարման ապահովման նպատակով: