ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նա ինքը հայտարարեց այսօրվա ավագանու նիստին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանն այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են արդյոք քաղաքապետի հրաժարական տալու մասին լուրերը:
«Այն օրվանից, երբ ես զբաղեցրեցի այս պաշտոնը, ԶԼՄ-ներում գրում են իմ հրաժարականի մասին։ Այս տարի լրանում է հոբելյանական երրորդ տարին։ Ասեմ ավելին` այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Սակայն ես այստեղ եմ, աշխատում եմ», - ասաց Մարությանը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայկ Մարությանը որևէ կերպ չի սատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Այդ առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանն ասել էր, որ «ցավում է Մարությանի աջակցության բացակայության համար»։ Դրանից հետո էլ ավելի թեժացան Մարությանի` հրաժարական տալու մասին լուրերը։