Նման միջոցառումներով իմաստավորում ենք մեր անկախությունը. Կոնջորյանը` սեպտեմբերի 21-ի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը քաղաքական որոշ շրջանակներ փորձում են քաղաքական շահարկումների առարկա դարձնել։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Զոհվածների հարազատները պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի միջոցառումը. ֆլեշմոբ է սկսվել
«Նման միջոցառումներով մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մենք մեր խոնարհումն ենք հայտնում նախ և առաջ մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են` հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայության, և մենք ամեն բան պետք է անենք, որ նրանց նահատակությունն իմաստավորվի մեր պետության հզորացմամբ ու մեր ժողովրդի բարեկեցությամբ»,– ասաց Կոնջորյանը` հավելելով, որ իշխանությունն ականջալուր է այս հարցում զոհերի հարազատների դիրքորոշումներին։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, Հանրապետության հրապարակում, նրա խոսքով, լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն։