Միամիտ է կարծել, թե Մոսկվան ԼՂ–ում կլուծի միանգամից բոլոր հարցերը. ՌԴ սենատոր

Սենատորը սխալ է համարում այն մոտեցումը, որի համաձայն Ղարաբաղում իրավիճակի հիմնական պատասխանատուն Ռուսաստանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն բան ԼՂ–ում իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, բայց միամիտ է կարծել, որ նա կլուծի բոլոր հարցերը և միանգամից։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում կազմակերպած տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։
Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես. սենատոր
«Ես չէի ցանկանա, որ ԼՂ–ում իրավիճակի պատասխանատվությունը բարդվի բացառապես Ռուսաստանի վրա։ Այդ մոտեցումը խանգարում է տրամաբանորեն դատելուն և խելամիտ որոշումներ կայացնելուն։ ԼՂ–ում իրավիճակը այսօր չի ստեղծվել, և Ռուսաստանի պատասխանատվությունը համեմատել չի կարելի հակամարտության այդ գոտու մյուս կողմերի պատասխանատվության հետ», – ասել է սենատորը։
Նրա խոսքով` Մոսկվան ամենից քիչն է շահագրգռված սեփական սահմանների մոտ պատերազմով, իսկ անցած տարի հենց Ռուսաստանն է արագության և արդյունավետության առումով աննախադեպ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցում։ Եվ այն, որ այսօր այնտեղ պատերազմ չկա, 99,9%–ով Մոսկվայի վաստակն է, ընդգծել է սենատորը։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք Ղարաբաղում ապրող և պատերազմի ժամանակ և հետո այնտեղից մեկնած ՌԴ քաղաքացիների թվի վերաբերյալ տվյալներ կան, Կլիմովը հայտարարել է, որ կոնկրետ վիճակագրություն չկա։ Այնուամենայնիվ, նա գիտի, որ Ղարաբաղում` իրենց ռուս համարող շուրջ 1500 մարդ է բնակվում։ Հակամարտությունից առաջ նրանց թիվն ավելի մեծ էր։
Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին
«Ձեռքը սրտին դնելով ասենք, որ Հայաստանում կամ Ադրբեջանում այսօր ոչ ոք չգիտի, թե ով, որտեղ և ինչ թվով է գտնվում։ Բայց դա չէ կարևոր։ Կարևորը, որ խաղաղությունն իրական լինի, որպեսզի պայմանավորվածությունները կատարվեն ողջ ծավալով»,–կարծում է ՌԴ քաղաքական գործիչը։
Կլիմովը փաստում է, որ այդ պայմանավորվածությունների վերաբերյալ դժգոհություններ կան, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լուծել հետպատերազմյան խնդիրները. դրանք և՛ գերեվերված անձանց, և՛ ականապատ դաշտերի հետ կապված խնդիրներն են։
Ինչ վերաբերում է ԼՂ–ում ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա, ըստ քաղաքական գործչի, զորակազմը կմնա այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ պետք է։ Կլիմովը վստահեցրել է, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն շահագրգռված է սեփական սահմանների երկայնքով խաղաղության պահպանման մեջ։
«Չպետք է թույլ տանք». Արևմուտքը փորձել է խաբել Ռուսաստանին ու Չինաստանին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: