Մասնավոր կյանքին վերաբերող ստերը չեմ մեկնաբանում. Սիմոնյանը` Հունաստանի տեսանյութի մասին

Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իրենց արձակուրդն էին վայելում Հունաստանի թանկարժեք ծովափնյա ռեստորանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանի նիստում հրաժարվեց մեկնաբանել համացանցում հայտնված տեսանյութը, որում ինքն ու Նիկոլ Փաշինյանի աներձագը քեֆ են անում հունական հանգստավայրերից մեկում։
«Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին ու ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»,– ասաց Սիմոնյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի` հայտնի տեսանյութի մասին հարցին։
«Այստեղ «ստեր» ասելը մի քիչ դժվար է, որովհետև համացանցում կադրեր կան, թե դուք ինչպես եք պարում այդ ծովափնյա հանգստավայրում։ Ու, դատելով ձեր եկամուտնրի հայտարարագրից, դուք և ձեր ընկերները պետք է որ չկարողանայիք այդքան թանկարժեք վայրում հանգստանալ»,– արձագանքեց Մանուկյանը` ԱԺ խոսնակից պահանջելով, որպես երկրի բարձրաստիճան պաշտոնյա, հաշվետու լինել հանրությանն ու բացահայտել, թե որքան գումար է ծախսել Հունաստանում։
«Ալեն Սիմոնյանն ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի սրտով է անում». Աննա Մկրտչյան
«Հատկապես, որ տեղեկություններ կան, որ ձեր հանգստի ծախսերը փակել է բուքմեյքերական գրասենյակներից մեկը։ Իսկ այս դեպքում արդեն գործ ունենք դասական կոռուպցիայի հետ»,– ասաց Արեգնազ Մանուկյանը։
Ալեն Սիմոնյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել նաև այդ հարցին` ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տալով չհետևել դեղին մամուլին։
ԱԺ երկու խմբակցությունները դիմել են ՍԴ` վիճարկելով Ալեն Սիմոնյանի լիազորությունները
Հիշեցնենք, սեպտեմբերի առաջին տասնօրյակում համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իրենց արձակուրդն էին վայելում Հունաստանի թանկարժեք ծովափնյա ռեստորանում` այլ այցելուների հետ պարելով հունական ու արտասահմանյան երաժշտության ներքո։
Բացի այդ ԱԺ նախագահը տիկնոջ հետ Հունաստանից լուսանկար էր հրապարակել ինստագրամում և կից գրել. «3 օր հանգիստ միասին, երեք տարի անց»: