Հայտնաբերվել է Իրկուտսկի մարզում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի սև արկղերից մեկը

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել թռիչքային անվտանգության կանոնների խախտման հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Իրկուտսկի մարզում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի սև արկղերից մեկը հայտնաբերվել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Արևելասիբիրյան տրանսպորտային դատախազության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիլա» ավիաընկերության` Իրկուտսկից Կազաչինսկոյե ավան մեկնող L-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել տայգայում: Օդանավը վայրէջքը կատարել է նշանակման կետից չորս կիլոմետր հարավ-արևմուտք ընկած շրջանում:
Մահացել է չորս մարդ՝ անձնակազմի անդամներից մեկն ու ուղևորներից 3-ը։ Տուժել է 12 մարդ, նրանց տեղափոխել են Կազաչինսկոյե ավանի բուժհաստատություն։ Տուժածներից երեքի վիճակը ծանր է, նրանց տեղափոխել են Իրկուտսկ։
Ռուսաստանի ՔԿ–ն քրեական գործ է հարուցել թռիչքային անվտանգության կանոնների խախտման հոդվածով։