Այս փուլում Արցախի ինքնորոշման շուրջ որևէ ձևաչափով բանակցությունների մասին խոսելը վաղ է։ Ալիևը շարունակում է պատերազմում արձանագրած ռազմական հաջողության հենքի վրա անձնական վարկանիշը բարձրացնել և ամենուր հայտարարել, թե Արցախի հարցը լուծված է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Եթե Ալիևն այս ժամանակահատվածում գա, նստի բանակցային սեղանի շուրջ և ասի` ես պատրաստ եմ կարգավիճակ քննարկել, պարզ է` դա իր համար քաղաքական ինքնասպանություն է»,- ասաց նա։
Նրա խոսքով` թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդակներից, թե՛ Հայաստանից հնչող հայտարարություններից ակնհայտ է, որ խնդրի կարգավորման հարցում կա որոշակի կոնսենսուս, պարզապես պետք է գործընթացներն այդ ուղղությամբ զարգացնել և առաջին իսկ պատեհ պահին բանակցությունները վերսկսել այն կետից, որ կետից դրանք դադարեցվել են։
«Մինսկի խումբը չկարողացավ կանխել ուժի չկիրառման սկզբունքը, որն ամբողջությամբ Ադրբեջանն անտեսեց և գնաց ագրեսիայի, այդուհանդերձ մենք ունենք բաց կարգավիճակի հարց, և կարծում եմ` հետագա բանակցությունները, նաև մեր ջանքերը պետք է միտված լինեն Մինսկի խմբի համանախագահող պետություններից եկած դրական ազդակների միավորմանը, դրանց համատեղմանը և դրա միջոցով մեր շահերն առաջ մղելուն»,- նշեց Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դեռևս Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։
Հայաստանի արտգործնախարարի խոսքով` եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսվեն, ապա դրանցում պետք է անպայմանորեն արձանագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հռչակած սկզբունքների հիման վրա: