Ասիական զարգացման բանկը «Հայաստանի էլցանցին» 35 մլն դոլարի վարկ է հատկացրել

Բանկը պատրաստ է էներգաարդյունավետություն և անվտանգություն ապահովելու հարցում աջակցել Հայաստանին մասնավոր հատվածին երկարաժամկետ ֆինանսավորման ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ասիական զարգացման բանկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ին 35 մլն դոլարի վարկ է տրամադրել բաշխիչ ցանցերի արդիականացման համար, մասնավորապես՝ հանրապետության մարզերում։ Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։
ՀԷՑ-ը «Վեոլիա Ջուր» ընկերությանը հորդորում է առավել ճշգրիտ տեղեկություն տրամադրել
Նշվում է, որ այդ գումարից 20 մլն–ը կհատկացվի որպես վարկ բանկի, ևս 15 մլն դոլար` Ասիայի մասնավոր հատվածի ենթակառուցվածքի առաջատար հիմնադրամի (որը ևս գտնվում է ԱԶԲ–ի կառավարման ներքո) կողմից։
«Էներգետիկ արդյունավետությունն ու անվտանգությունը հիմնված են ենթակառուցվածքներում արված մեծ ներդրումների վրա։ ԱԶԲ–ն շարունակում է աջակցել Հայաստանին այդ նպատակին հասնելու համար` երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով մասնավոր հատվածին», – ասվում է բանկի ներկայացուցիչ Շանտանու Չակրաբորտիի հայտարարության մեջ։
ՀԷՑ–ից ներդրումային ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին և ավարտվել 2020–ին։ Այն ժամանակ բանկը 80 մլն դոլար էր հատկացրել։
Երկրորդ փուլը նախատեսում է բաշխիչ ցանցերի, սարքավորումների արդիականացում, մալուխների վերականգնում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հստակ հաշվառում և կորուստների հստակ որոշում։
«Այս ծրագրի արդյունավետ իրականացումն ուղղված է ծառայությունների որակի հետագա բարձրացմանը, ինչը ՀԷՑ–ի համար առաջնահերթ խնդիր է», – ասել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
«Առկա է թույլատրելի շեղում». ՀԷՑ-ը պատասխանել է «Վեոլիա Ջրի» արձագանքին
Հիշեցնենք, որ ՀԷՑ–ը Հայաստանում էլեկտրաէներգիայի առուվաճառքի միակ մենաշնորհային ընկերությունն է։ Ընկերության սեփականատերերն են «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ն և Liormand Holdings Limited–ը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն Հայաստանի խոշոր գործատուն է,  ընկերությունում 7,5 հազար մարդ է աշխատում։