ԱԺ–ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածությունը

Այս պահին հանձնաժողովում 4 անդամ և մեկ թափուր աթոռ կա, քանի որ 2019-ի դեկտեմբերի 6-ին հանձնաժողովի անդամներից մեկը հրաժարական էր ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում մրցութային խորհրդն առաջադրել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։
Էական առաջընթաց ենք արձանագրել կոռուպցիայի հակազդման բոլոր ուղղություններով. Դավթյան
Գալստյանը 32 տարեկան է, զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիան քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը, զուհագեռ դասավանդում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում։
Մրցութային խորհրդի առաջարկը ներկայացել է խորհրդարանի քննարկմանը։ Պատգամավորները հնարավորություն են ստացել հարցերով դիմելու թեկնածուին։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանի` մեկ անձից գնման ընթացակարգում հնարավոր կոռուպցիոն ռիսկի առկայության մասին հարցին, Մարիամ Գալստյանը մասնավորապես ասաց. «Մեկ անձից գնումն ամեն դեպքում ռիսկեր առաջացնում է։ Ամեն տեղ է արձանագրվում, որ մեկ անձից գնումները ռիսկային են։ Բայց միջազգային գնահատումն իրականացվում է այսպես. կոռուպցիոն ռիսկն առկա է և հիմնավորված է, կոռուպցիոն ռիսկն առկա է և հիմնավորված չէ»։
Ինչ վերաբերում է այդ գործընթացի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետաքրքրությանը՝ թեկնածուն շեշտեց, որ այդ ոլորտը դուրս է հանձնաժողովի գործառույթներից, դրա համար կան պետական այլ մարմիններ։
Ոստիկանները հերթական կոռուպցիոն հանցագործությունն են բացահայտել. տեսանյութ
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմված է 5 անդամից: Այս պահին հանձնաժողովում 4 անդամ և մեկ թափուր աթոռ կա, քանի որ 2019-ի դեկտեմբերի 6-ին հանձնաժողովի անդամներից մեկը` Էդգար Շաթիրյանը հրաժարական էր ներկայացրել։ Ըստ որոշ լուրերի` Շաթիրյանը հրաժարականի դիմում էր նեկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ չընտրվելու պատճառով։