ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման շուրջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես շատ շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանը, զինվորականներին և ռազմարդյունաբերական համալիրին, որ նրանք համաձայնեցրել են սպառազինությունների մի ամբողջ ցանկ, որոնք մինչև 2025 թվականը կլինեն այստեղ։ Դա, իրոք, մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ է, դրանք ուղղաթիռներ են՝ մի քանի տասնյակ, դա ՏՕՌ-Մ2 է: Մեծ ծավալներ, դա խոսում է այն մասին, որ եւ մենք, եւ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ ենք ընդունում ահա այս արեւմտյան ուղղությունը, որտեղ մենք գտնվում ենք անմիջականորեն շփման մեջ ՆԱՏՕ-ի զորքերի հետ»,- ասել է Բելառուսի ղեկավարն ու ընդգծել, որ երկու երկրների բանակները պատրաստ են ապահովել Միութենական պետության անվտանգությունը:
Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած բանակցություններում իրեն պատմել է C-500 ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի մասին, իսկ ինքը հիշեցրել է նրան C-400-ի մասին ու պատմել, թե որտեղ են ցանկանում դրանք տեղակայել։
Սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի և Բելառուսի զորավարժարաններում անցկացվում է «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը:
Մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Մոնղոլիայի շուրջ 200 հազար զինվորականներ, գրեթե 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրանոթային կայանքներ, 15 նավ։