ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի -Sputnik. Առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, նշված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ՝ ի պատասխան երեկ «Iravunq.com» կայքում հրապարկվնած «Ինչպես են թալանում մեծ բարերար Lևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները» վերտառությամբ հոդվածի։
Հոդվածում տեղեկություններ են ներկայացվել բարերար Լևոն Հայրապետյանի ժառանգական գույքը հափշտակելու, նրա ժառանգների իրավունքները խախտելու վերաբերյալ:
«Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ.Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասինղ,-աշել են դատախազությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը` Զարուհի Հայրապետյանը, բաց նամակով դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ իր հոր՝ Լևոն Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքները ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:
Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ Նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։ Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։ 7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։
68-ամյա Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին ուղղիչ գաղութում։
Նա դեռևս 2014 թվականին ձերբակալվել էր ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման: Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել խոստումը։
Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։