Ժամկետը լրացավ. ովքե՞ր են ցանկանում մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին

2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik Այսօր ժամը 18.00-ին ավարտվեց ժամկետը, երբ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող էին գրանցման համար փաստաթղթեր ներկայացնել Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 34 եւ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներ, հայտնում է «Սյունյաց երկիրը»։
Հետագա պայքարի պլացդարմ. քաղտեխնոլոգը խոսել է սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին
Խոսքը վերաբերում է Գորիս, Տաթեւ, Տեղ և Մեղրի խոշորացված համայնքներին, որտեղ 2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով:
Գորիս համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Լազարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Վլադիմիր Աբունցը), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Ալվարդ Իսախանյանը)  և «Առուշ Առուշանյան»  դաշինքը՝ կազմավորված «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կողմից (ընտրական ցուցակը գլխավորում է Առուշ Առուշանյանը):
Տաթև համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Մաթևոսյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը) և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Լալայանը):
Տեղ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը):
«Ձեզ հայտնի դեմքեր չկան». ՏԻՄ ընտրություններին թարմ ուժեր են մասնակցելու
Մեղրի համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են Ազատական կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը), «Հանրապետություն» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արարատ Թումանյանը):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները: