Հայաստանը պատրաստվում է «տոնել» անկախության, ինքնիշխանության և Արցախի համար նահատակված հերոսների հիշատակը`առանց հաշվի առնելու նրանց ծնողների, հարազատների կարծիքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Աննա Գալստյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` անկախության օրվա «գունագեղ» միջոցառման մասին հայտարարությունը։
«Հիշատակի միջոցառման դեպքում մարդիկ հավաքվում են, շատ համեստ հարգում են նահատակների հիշատակը, ոչ թե խնջույք կամ տոնակատարություն են կազմակերպում։ Իսկ հիմա մենք ցավ ունենք, այդ ցավը դեռ չենք բուժել, բայց չգիտես ինչու՝ ուրախանում ենք»,- ասաց նա։
Նրա խոսքով` 44-օրյա պատերազմից և հատկապես մայիսի 12-ից մինչ օրս, երբ ադրբեջանական զորքը փաստացի օկուպացրել է ՀՀ տարածքները, «անկախ ու ինքնիշխան Հայաստան» արտահայտությունն էլ մի տեսակ արհեստական է դարձել։
«Մենք շարունակում ենք այդ կորուստների ցավը զգալ մեր մաշկի վրա ոչ միայն զոհերի, այլ նաև տարածքների առումով։ Մենք անգամ մեր սահմանները չունենք հիմա, անգամ չգիտենք` ի՞նչն ենք պաշտպանում, որո՞նք են մեր անկախության սահմանները, մեր ինքնիշխանության սահմանները, երբ ադրբեջանցին ամեն րոպե կարող է մտնել մեր տուն կամ ցանկացած տարածք և ասել` ինքն այս տարածքի տերն է»,- նշեց հոգեբանը։
Գալստյանի կարծիքով` ավելի արդյունավետ կլիներ, օրինակ, «գունագեղ» և «մասշտաբային» միջոցառման փոխարեն անկախության օրվան նվիրված զորահանդես կազմակերպել, որը ինչ-որ տեղ նաև հնարավորություն կտար վերականգնել հայի ու հայ զինվորի մարտական ոգին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց` որոշել են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, այդ իսկ պատճառով սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն։