ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուս ռեժիսոր, պրոդյուսեր Բորիս Գրաչևսկին, որը մահացել է 2021-ի հունվարին, իրենից հետո թողել է «Երալաշ» ՍՊԸ-ն, որի տարեկան եկամուտը 100 մլն ռուբլի է գնահատվում։ News.ru-ն փոխանցում է, որ ՍՊԸ—ի ճակատագիրը կորոշվի դատարանում․ ռեժիսորի երկու կանայք չեն կարողացել իրենց մեջ լուծել ժառանգության հարցը։
Խոսքը Գրաչևսկու առաջին և երրորդ կանանց՝ Գալինա Գրաչևսկայայի և Եկատերինա Բելոցերովսկայայի մասին է։ Նրանք, բացի «Երալաշից», դատարանում կվիճարկեն Գրաչևսկու ամառանոցը և բնակարանը։
Ժառանգության հավակնորդներն են նաև Գրաչևսկու որդիներն ու նախորդ ամուսնություններից երկու դուստրերը:
Դատավարությունը հոկտեմբերին է: Նշվում է, որ քանի որ Բորիս Գրաչևսկին «Երալաշը» ստեղծել է առաջին կնոջ հետ ամուսնության տարիներին, Գալինա Գրաչևսկայան դատը շահելու մեծ շանսեր ունի։