ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածի իրենց տարածքում են ոստիկանական կետ տեղադրել:
«Որոտանի հատվածում մի հենակետ կա, այնտեղից եմ գալիս: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնվում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհին: Ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում: Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է: Այդ հենակետն ի սկզբանե եղել է, դոմիկը նոր են ավելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է»,- հայտնել է Սյունիքի մարզպետը:
Հավելենք, որ ադրբեջանական ԶՈւ–ն օգոստոսի վերջին երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո, ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։