«Սևան» ազգային պարկը մեկ ամսից սեփական տեխնիկա կունենա լիճը մաքրելու համար. նախարար

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով`սեփական տեխնիկայով և նոր թափով կվերսկսվեն ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Չորս հատուկ տեխնիկա ենք ձեռք բերել, և արդեն մեկ ամսից «Սևան» ազգային պարկը կունենա նորագույն տեխնիկայով հագեցած ավտոպարկ: Իսկ ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման համար ազգային պարկում 12 նոր աշխատատեղեր կստեղծվեն»,–գրել է նախարարը:
Պետրոսյանը վստահ է, որ Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոհամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային գործընթացը նոր փուլ է թևակոխում:
ՌԱԴԻՈ
Կապամոնտաժվի վարչապետի՝ Սևանի ափին գտնվող կեցավայրի պարսպի մի մասը. Ռոմանոս Պետրոսյան
Հիշեցնենք` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի 15-ին հայտնել էր, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում  շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը, ապամոնտաժվում են 1901.5 մետր  նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։
Փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։