Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա սկզբունքորեն ազդելու լծակներ ունեն և՛ ԱՄՆ–ն, և՛ Ռուսաստանը, որպեսզի նա ընդունի հիմնախնդրի առկայությունն ու քննարկման ենթակա կարգավիճակի հարցի գոյությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Բենիամին Պողոսյանը։
«Ռուսաստանը տարածաշրջանում ներկայացված է իրական ռազմական ուժով, այսինքն` ռուսական զորքեր կան ՀՀ–ում, որոնց թիվը 2020 թվականի նոյեմբերից հետո բավականին ավելացել է, մյուս կողմից ռուսական խաղաղապահ զորախումբ կա Արցախում։ Սրանք լուրջ լծակներ են Ադրբեջանի հետ կոշտ խոսելու համար, եթե լինի նման անհրաժեշտություն։ Երկրորդ գերտերությունը ԱՄՆ–ն է, որն ունի տնտեսական ազդեցության լծակներ։ Վերջին տարիներին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ Միացյալ Նահանգները ցանկացել է ինչ–որ բան ստիպել որևէ պետության, ապա դիմել է տնտեսական մամլիչի օգնությանը։ ԱՄՆ–ն Ադրբեջանի նկատմամբ նույնպես կարող է կիրառել տնտեսական լծակներ` ընդհուպ պատժամիջոցների տեսքով»,– ասաց քաղաքագետը։
Պողոսյանի կարծիքով` Վաշինգտոնն ունակ է տնտեսական պատժամիջոցներ կիրառել ինչպես ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այնպես էլ տնտեսվարողների ու ընկերությունների նկատմամբ, բայց նման բան չի անում, այսինքն` եթե Միացյալ Նահանգներն իսկապես կամենում է, որ Ալիևն ընդունի ղարաբաղյան հիմնախնդրի գոյության փաստը և համաձայնի Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը վերսկսելուն, ապա միակ միջոցն առնվազն փակ խողովակներով Ադրբեջանին ուղերձ հղելն է, որ բանակցությունները չվերսկսելու դեպքում պատժամիջոցներ կլինեն ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների նկատմամբ, բայց նման բան տեսանելի չէ։
«Հիմա մի իրավիճակ է, երբ մի կողմից ԱՄՆ–ն խոսում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին` հավաստիացնելով, որ ամեն ինչ անում է գործընթացը վերսկսելու համար, բայց մյուս կողմից այդ ուղղությամբ գործնական քայլեր չի ձեռնարկում։ Վաշինգտոնն էլ շատ լավ գիտակցում է, որ այն, ինչ անում է, բացարձակապես բավարար չէ բանակցությունները վերսկսելու համար, ինչից կարելի է եզրակացնել, որ Արցախի կարգավիճակի հարցով բանակցությունների վերսկսումն առայժմ ԱՄՆ–ի կենսական շահերի տիրույթում չէ»,– նշեց քաղաքագետը։
Պողոսյանը հիշեցրեց, որ բանակցությունները վերսկսելու շուրջ արդեն իսկ հնչել են բազմաթիվ հայտարարություններ, որոնցից առավել ծավալունը 2021 թվականի ապրելի 13-ի հայտարարությունն էր, մինչդեռ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է և Բաքուն շեշտում է, որ չկա Արցախ, չկա արցախյան խնդիր, այնտեղ արգելված է նույնիսկ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, հետևաբար չի կարող լինել նրա կարգավիճակին վերաբերող բանակցային գործընթաց։
Հիշեցնենք` Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք կարգավորվի բանակցությունների միջոցով: Ըստ նրա` ԱՄՆ–ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ։