ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Վալանս քաղաքում ապտակած տղամարդը ազատ է արձակվել, գրում է AFP-ն։
28-ամյա Դամիեն Թարելը բանտից դուրս է եկել 3 ամիս ազատազրկումից հետո։
Գործազուրկ Դամիեն Թարելը խոստովանել էր, որ ինքն է ապտակել Մակրոնին, սակայն ասել էր, որ կանխամտածված չի արել դա։ Նա նաև նշել էր, որ հակակառավարական «դեղին բաճկոններ» շարժման անդամ է և ունի աջ ծայրահեղական քաղաքական համոզմունքներ:
Հունիսի 10-ին դատարանը նրան 4 ամսվա ազատազրկման էր դատապարտել։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակել էին Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Տեսանյութում երևում էր, որ Ֆրանսիայի նախագահը մոտենում է իրեն սպասող մարդկանց ու ձեռքը մեկնում տղամարդկանցից մեկին։
Վերջինս մի ձեռքով բռնում է Մակրոնի թևը և մյուսով ապտակում նրան։ Անմիջապես միջամտում են թիկնապահները։