ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրառում է արել ու արձագանքել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների հնարավորության մասին պնդումներին։
«Հիշո՞ւմ եք, որ կապիտուլյանտը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։ Հիշու՞մ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների ապուշ հիմնավորումներով։ Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ և տձև կուտ էր»,–գրել է Աշոտյանը։
Նա հիշեցրել է, որ նախօրեին ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։
«Հիմա հարց։ Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից՝ Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր», - եզրափակել է Աշոտյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան: