ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական կետ տեղադրելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Նշենք, որ ոստիկանական կետի լուսանկարները երեկ հայտնվեցին համացանցում։
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները արժանապատվորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Համապատասխան վայրերում ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար տեղադրվում են ոստիկանական կետեր», - հայտարարել է ադրբեջանական գերատեսչությունը։
Միաժամանակ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածի իրենց տարածքում են ոստիկանական կետ տեղադրել:
«Որոտանի հատվածում մի հենակետ կա, այնտեղից եմ գալիս: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնվում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհին: Ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում: Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է: Այդ հենակետն ի սկզբանե եղել է, դոմիկը նոր են ավելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է»,- հայտնել է Սյունիքի մարզպետը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈւ–ն օգոստոսի վերջին երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո, ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։