ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը վստահեցնում է` Տիգրանաշենի հանձնման լուրերը, որոնց հետ էլ կապում են իր աշխատանքից ազատման դիմում գրելը, իրականությանը չեն համապատասխանում։ Նա այս մասին գրել է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Երեկ Թևոնյանի օգնական Քրիստինե Պողոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,–ասում է Թևոնյանը։
Ի դեպ, Թևոնյանի ազատման դիմումը վարչապետը դեռ չի ստորագրել, իսկ Թևոնյանն էլ այդպես էլ չի հայտնել դիմում գրելու պատճառների մասին։
Հիշեցնենք, որ երեկ լուրեր էին շրջանառվում, որ կառավարության նիստում հավանության արժանացած համայնքների խոշորացման ծրագրի հիմնավորման մեջ Տիգրանաշեն համայնքը որևէ տեղ ներառված չէ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` հերքելով այդ լուրերը։
Նրա խոսքով` Տիգրանաշենը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր: Տիգրանաշեն գյուղը, որպես բնակավայր, ընդգրկված է Արարատ միավորվող համայնքում։ Նա պարզաբանել էր, որ խոսքը համայնքների, այլ ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, այլ ոչ թե համայնք: