Պետությունը պարտավոր է սուբսիդավորել ՊՇՌ թեստերի ծախսը. «Հայաստան» դաշինք

Քաղաքական ընդդիմադիր ուժի մեկնաբանմամբ` կառավարության սահմանած նոր սահմանափակումները փաստացի պարտադիր են դարձնում պատվաստումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել ընդդեմ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ու որպես դրանց այլընտրանք` 2-շաբաթյա պարբերականությամբ ՊՇՌ թեստավորման պահանջի։
Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատվաստումն ու ՊՇՌ թեստերը մերժողներին
Քաղաքական ուժի մեկնաբանմամբ` կառավարության սահմանած նոր սահմանափակումներով պատվաստումները փաստացի պարտադիր են դառնում։
«Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Հանրությանը պետք է մանրամասն և թափանցիկ ձևով ներկայացվեն դրական և հնարավոր բացասական հետևանքները: Միաժամանակ այն մոտեցումը, որ պատվաստման հրաժարման դեպքում պարտադիր է 15 օրը մեկ սեփական միջոցներով գումար վճարել և ներկայացնել թեստի պատասխանը՝ խայտառակ անհամաչափ և ոչ իրավաչափ գործողություն է և հերթական անգամ ցույց է տալիս այս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը»,– ասված է դաշինքի հայտարարության մեջ։
Ո՞ւմ վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը. ԱՆ պարզաբանումը
Քաղաքական ուժի համոզմամբ` թեստավորման պարտադիր պայման նախատեսելով, պետությունը պարտավոր է սուբսիդավորել նշված ծախսերը:
Հիշեցնենք` առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ ս.թ. հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։