ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արտաշատի ոստիկանները մարզի 38-ամյա բնակչին պատկանող տարածքում զինամթերք ու թմրանյութ են հայտնաբերել, տեղեկացնում են ոստիկանությունից։
Ոստիկանությունը նախ այդ մասին տեղեկություններ է ստացել, ապա դրանք ճշտելու համար այցելել նշված վայր ու ցանկապատված տարածքում կանեփի բույսեր հայտնաբերել։
Տեղում կատարված զննության արդյունքում արձանագրվել է կանեփի 33 բույս, կանեփանման կիսաչոր զանգված, ինքնաձիգի փամփուշտներ:
Ժամեր անց նույն տարածքից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Նարեկ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, որը, նախնական տեղեկությամբ, աշխատում է 38-ամյա արտաշատցու մոտ:
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված: Ըստ երիտասարդի` թմրանյութն իրենն է, ինքն էր քաղել իր օգտագործման համար: Հարուցվել է քրեական գործ:
Դատարանի որոշմամբ՝ առանձնատանը և կից շինություններում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել են կանեփանման չորացված զանգվածներ, դրանցով լցված ապակյա գլանակներ և այլն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առանձնատան տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: