ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հայտարարված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ 2.9 մլն–անոց Հայաստանում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություններ են ստեղծվում։ Առերևույթ այս դատողությունը հաստատում են պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակված` կուսակցությունների հիմնադիր համագումարների անցկացման մասին հայտարարույթունները։
Դրանց համաձայն` միայն սեպտեմբեր–հոկտեմբերին նորաստեղծ 4 կուսակցությունների հիմնադիր համագումարներ են նախանշված։
Դրանցից առաջինը`«Ամբերդ» ազգայնական կուսակցության համագումարը, տեղի կունենա երկուշաբթի օրը`սեպտեմբերիի 12-ին, ժամը 20։00-ին Բյուրականի «Օջախ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում։
Կուսակցության գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ առայժմ ծրագրերի ու անելիքների մասին չեն խոսում, կխոսեն միայն համագումարից հետո, երբ իրենց կուսակցության մասին հայտարարելու նպատակով մամուլի ասուլիս կհրավիրեն։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15։00-ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի կունենա «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը։
Մեր հարցին, թե ինչ հայտնի դեմքեր կան կուսակցության հիմնադիր կազմում, կուսակցությունից պատասխանեցին. «Ձեզ հայտնի դեմքեր չկան»։
Ծրագրերի մասին այստեղ ևս խոստացան խոսել ավելի ուշ։
Հոկտեմբերի 9-ին` ժամը 9։00-ին, Երևանի Ավան վարչական շրջանի 4-րդ փողոց, 4-րդ նրբանցքի 5-րդ տանը կկայանա «Ի'մ պայքար, ի΄մ հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։
Ի դեպ, այս կուսակցությունը նախապես պլանավորել էր համագումարն անցկացնել օգոստոսի 1-ին նույն վայրում։ Բայց, թերևս, ինչ–որ բան այնպես չի եղել, ու համագումարը հետաձգվել է։
Մեր հարցերին կուսակցության գրանցած հեռախոսահամարով պատասխանեց Անի անունով ներկայացած մի տիկին։
Իսկ կուսակցության հիմնադիրների, համագումարի հրապարակային լինել–չլինելու մասին հարցին ի պատասխան ասաց. «Առայժմ մամուլի` նման հարցերին չենք պատասխանում։ Ամենայն հարգանքով։ Երբ որ ժամանակը գա, կպատասխանենք»։
Նշվածներից բացի, կան և այնպիսի նորաստեղծ քաղաքական ուժեր, որոնց համագումարներն արդեն կայացել են, նոր կուսակցություններն էլ` գրանցվել։
Հունիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո` հուլիս–օգոստոսին, գրանցվել են «Ազգի ձայն», «Միացյալ քրիստոնյա Հայաստան» և «Իրական ժողովրդավարական» կուսակցությունները։
Հիշեցնենք` կուսակցությունների ստեղծման բում էր գրանցվել նաև խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ 2.9 մլն–անոց Հայաստանում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն էր ստեղծվել։
Դրանցից որոշները մասնակցեցին նաև ընտրություններին, բայց ԱԺ չհասան, ընտրողներն էլ շատ արագ մոռացան դրանց մասին։
Հավելենք, որ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17–ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։