ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Մայր աթոռի Արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակում կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես, որի հեղինակը և համադրողը Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանն է: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, 1933 թվականի Թեմի կազմալուծումը, Խորհրդային տարիներին արցախյան, առհասարակ Ադրբեջանի ԽՍՀ-ի սահմանների մեջ հայտնված հայոց սրբավայրերի վիճակը,ինչպես նաև 1988 թվականի Արցախյան շարժման արդյունքում Թեմի վերահաստատումը:
Ցուցահանդեսն անդրադառնում է նաև Տ.Տ. Վազգեն Ա., Տ.Տ. Գարեգին Ա. և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսների գահակալության տարիներին Արցախի և ղարաբաղյան հարցի հետ նրանց առնչություններին, ձեռնարկներին: Հատկանշական են այն համատեղ հայտարարությունները, որոնք ստորագրվել են հայոց հայրապետների և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի կողմից՝ գործուն մասնակցությամբ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքների, համաշխարհային եկեղեցական կազմակերպությունների:
Առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը (որի անվտանգությունն ու պաշտպանությունը ստանձնել են ռուս խաղաղապահները) և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը:
Ցուցահանդեսի որոշ նյութեր Մայր աթոռի Արխիվին տրամադրել են Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի պատմության թանգարանը, անհատ գիտաշխատողներ: