«Այդքան ծանրություն՝ մեր տղաների վրա». ինչո՞ւ են Եռաբլուրում շիրիմները բետոնապատում

Զոհված զինծառայողների ծնողներն ու Եռաբլուրի ճարտարապետը դժգոհություններ ունեն հուշահամալիր-պանթեոնում ընթացող աշխատանքների առնչությամբ։ ՊՆ խորհրդականը բարձրացված հարցերի պատասխանն ունի։
Sputnik
Եռաբլուրում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Չնայած դրան՝ հուղարկավորություններ էլ են դեռ շարունակվում։ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է միանման շիրիմներ կառուցել և շիրմաքարեր տեղադրել, իսկ նախատեսված ժամկետը մինչև այս տարեվերջն է։ Զոհերի ծնողները, սակայն, որոշակի դժգոհություններ ունեն, իսկ Եռաբլուրի ճարտարապետն ասում է` ինքը տեղյակ չէ տարվող աշխատանքներից։ Պաշտպանության նախարարությունն իր պատասխանն ունի հնչող հարցերի առնչությամբ։ Sputnik Արմենիան ներկայացնում է յուրաքանչյուր կողմի տեսակետը։

Ծնողներին ճնշում է համատարած բետոնապատումը

Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ դժգոհ են Եռաբլուրում այս պահին տարվող աշխատանքներից. բետոնը, ըստ նրանց, շատ է։ 
Работы по благоустройству в военном пантеоне Ераблур
«Կանաչ որևէ տարածություն չկա այս պահին մեր տղաների շիրիմների մոտ` ամբողջը բետոն է։ Բացի այդ, շերտն էլ բավական հաստ է` չգիտենք ինչու է այդպես։ Հեռվից նայում ես ու համահարթ բետոն է` մարդու սիրտ է ճնշվում»,–ասում է ծնողներից մեկը։
Մեկ ուրիշն էլ նշում է` դեռ տղաներից մասունքներ են գտնում, և ի՞նչ է լինելու, եթե հուղարկավորվածներից որևէ մեկից էլի մասունք հայտնաբերեն։ Բացի այդ, ըստ նրա, համատարած բետոն անելու իմաստը ո՞րն է` ով է տեսել գերեզմանոցում ծառ ու թուփ չլինի, տղաների վրա այդքան ծանրություն լինի...

Եռաբլուրի ճարտարապետը չի հասկանում` ինչ է կատարվում

Պանթեոնի ճարտարապետ Ասլան Մխիթարյանը տեղեկացնում է` բարեկարգման աշխատանքներում ներգրավված չէ։ Ավելին, ըստ նրա, ամեն ինչ առանց նախագծի է արվում։
Советник министра обороны, генерал-майор Вардан Аветисян проверяет работы по благоустройству в военном пантеоне Ераблур
«Ես չգիտեմ` վերջնական ինչ տեսք են ունենալու մեր հերոսների գերեզմանները։ Ինձ, այսպես ասած, անտեսեցին, չնայած ես ցանկություն ունեի օգնելու, քանի որ այնտեղ նաև իմ ընկերներն են, իմ ընկերների տղաները։ Ցավոք, պարզվեց, որ այսօր մասնագետ պետք չէ` իրենք գիտեն, թե ինչ են անելու, բայց որ տենդեր են անում առանց նախագծի, և ինչ–որ մեկն էլ հաղթում է, ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ»,–ասում է նա։
Ճարտարապետի խոսքով` զինվորական գերեզմանոցը պետք է տարբերվի մյուսներից` պետք է կանաչը գերակշռող լինի, և մի քարի վրա միայն գրված լինի, թե ում գերեզմանն է։ Ի վերջո, պետք է նաև ծառեր լինեն` մարդիկ արևի տակ ինչպե՞ս են այդքան մնալու։ 
Опалубка на одной из могил в военном пантеоне Ераблур перед заливкой бетона
«Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում
Մխիթարյանն ասում է, որ Եռաբլուրի ընդհանուր տեսքի խաթարումն անխուսափելի է, քանի որ համակարգված աշխատանքներ չեն տարվում։
«Ներկայացրել եմ Եռաբլուրում հուշակոթող կառուցելու նախագիծ, սակայն դրանից 8 ամիս է անցել, և որևէ արձագանք չեմ ստացել։ Ինձ հետ կապի մեջ չեն պաշտպանության նախարարությունից»,–ասաց նա։
Բացի այդ, Մխիթարյանը հարց է բարձրացնում` ինչպե՞ս է ստացվել, որ մեկ անձից է գնում կատարվել։

Գեներալ-մայորը վստահեցնում է` ամեն ինչ հաշվարկված է

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը համամիտ չէ Եռաբլուրի ճարտարապետի հետ, և նշում է` մեկնաբանությունները տեղին և արդարացված չեն։ 
Советник министра обороны, генерал-майор Вардан Аветисян в военном пантеоне Ераблур
Վարդան Ավետիսյան
«Ճարտարապետը պարտավոր էր Եռաբլուր այցելել և իր մասնագիտական խորհուրդներով նախագծեր տար, որպեսզի այսքան խիտ հուղարկավորություններ չանեին։ Եռաբլուրում այսօր արդեն 889 հուղարկավորված աճյուն ունենք, և դեռ հուղարկավորություններ են կատարվում։ Լավ կլիներ, որ Մխիթարյանը գար և իր մասնագիտական, պրոֆեսիոնալ խորհուրդը տալ, այլ ոչ թե հեռվից մեկնաբանություններ աներ»,–ասում է Ավետիսյանը և տեղեկացնում` ճարտարապետի՝ հուշակոթող կառուցելու նախագիծը հաղթող է ճանաչվել։
Իսկ ինչ վերաբերում է զինվորների ծնողների բողոքներին, ապա Ավետիսյանը նշում է, որ տարածքը` հարթակները, որոնց վրա էլ շիրիմներն են, ուղիղ չէ, ինչի համար էլ բետոնապատման աշխատանքներ են իրականացնում։ Նրա խոսքով` ինքն էլ իր հայրիկի գերեզմանը բետոնապատման միջոցով է կարգի բերել։ ՊՆ խորհրդականը վստահեցնում է` կանաչապատման աշխատանքներ լինելու են և այնպես չէ, որ չորս կողմը բետոնով է պատված լինելու։
Работы по благоустройству в военном пантеоне Ераблур
«Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում
«Այս տարաձայնությունները եղել են և լինելու են։ Համաձայն մեր պլանի` շիրմաքարերի շուրջ կանաչապատում ենք անելու, ճանապարհի 4 կողմով սիզամարգեր են լինելու։ Նստարաններ կտեղադրենք, լուսավորություն կլինի, ցայտաղբյուրներ կլինեն, տեսադիտարկում կլինի։ Բացի այդ, խնկարան է կառուցվելու, այսինքն` երբ աշխատանքներն ավարտվեն` որոշակի ներկայացուցչական գերեզման-պանթեոն կունենանք»,–ասում է Ավետիսյանը։
Անդրադառնալով մեկ անձից գնում կատարելուն` նա պարզաբանում է, որ ՊՆ–ն երկու անգամ մրցույթ է հայտարարել և երկու դեպքերում էլ որևէ ընկերություն չի մասնակցել դրանց։ Եվ քանի որ 8 ամիս էր անցել արդեն, և պետք էր շինարարություն սկսեին, իրենք հրավիրեցին 4 ընկերության և խնդրեցին աշխատանքի անցնել։ Ավետիսյանը վստահեցնում է` հեշտ չի եղել նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ ասել են` եթե ուզենային, ապա մրցույթին կմասնակցեին։ Արդյունքում մեկ անձից գնման սկզբունքով 4 ընկերություն է աշխատում։
Работы по благоустройству в военном пантеоне Ераблур
«Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում
Ինչ վերաբերում է շիրմաքարերին, ապա դրանք 4 տիպի են լինելու` զոհված զինծառայողների ծնողների ցանկությամբ։ ՊՆ–ն նախ որոշել է Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքից բերված դասական ոճի սև քար տեղադրել, սակայն ծնողները խնդրել են իրենց ընտրության հնարավորություն տալ։
Ավետիսյանը հայտնեց` արդյունքում ընտրվել է Ռուսաստանի Չելյաբինսկի սպիտակ մարմարը (390 հատ), Ուկրաինայի Ժիտոմիրի սև գրանիտը (282 հատ), Չինաստանից բերվող գրանիտը` (185 հատ) և Փամբակի քարը` (82 հատ)։ Բոլոր շիրմաքարերի բարձրությունը լինելու է 1․20 սմ, տապանի երկարությունը նույնպես 1․20 սմ կլինի, իսկ լայնությունը՝ 60 սմ, հաստությունը՝ 12 սմ։ Շիրմաքարերի վրա լինելու է ծնողի ընտրությամբ գունավոր կամ անգույն 40-60 սանտիմետր բարձրությամբ նկար։
Այսօր նաև այն երեխաների տոնն է, որոնց դասերից հետո մայրիկները Եռաբլուր են տանելու
1 շիրիմի կառուցման համար 1.5 մլն դրամ կտրամադրվի, իսկ նրանց, ովքեր իրենց զավակներից Եռաբլուրում չեն հուղարկավորել, այդ գումարը միանվագ կտրվի գերեզմանների բարեկարգման համար։
«Ի դեպ, երբ դիմեցինք ուկրաինական երկու ընկերությունների քարի գնման համար, մեզ մերժեցին` ասելով, որ 6 ամիս առաջ Ադրբեջանն իր զոհերի համար արդեն իսկ մի ընկերությունից 8000, մյուսից 7000 քար է պատվիրել։ Ուկրաինայի հայ համայնքի աջակցությամբ ենք կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել»,–ասում է Ավետիսյանը։
Նա հավելեց նաև, որ Եռաբլուրում այս օրերին էլ մի քանի հուղարկավորություններ են նախատեսված։ Բացի այդ, դիահերձարաններում դեռ մասունքներ կան, և ՊՆ–ն հաշվի է առել նաև այդ հանգամանքը. հարթակ են նախատեսել նաև նոր գերեզմանների համար։
Եռաբլուրում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոսի գերեզմանը
Հիշեցնենք, որ Եռաբլուրում բարեկարգման աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել այս տարեվերջին, սակայն դա կախված է ինչպես շիրմաքարերի ներմուծման ժակետներից, այնպես էլ՝ եղանակային պայմաններից։