ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով վերաբաշխում է կատարել 2021 թվականի պետական բյուջեում։
Համաձայն գործադրի կայքում հրապարակված որոշման` վերաբաշխումները կատարվել են միասնական սոցիալական ծառայության միջոցով իրականացվող ծրագրերում, հիմնականում` Արցախյան պատերազմի հետևանքով տրվող գումարներում։
Հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչման արժանացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին տրամադրվող պարգևավճարները 9 ամսվա ընթացքում կազմել են 144 414 000 դրամ` նախատեսվածից ավելի քան 7 մլն դրամով ավելի։
Բանն այն է, որ տարվա ընթացքում վերոհիշյալ կոչումները հետմահու շնորհվել են Արցախյան պատրազմի ևս 4 մասնակցի։ Ընդ որում, այդ կոչումների համար ամսական պարգևավճարը կազմում է միջինը 136 900 դրամ։ Արդյունքում 9 ամսվա համար անհրաժեշտություն է առաջացել նախատեսված գումարն ավելացնել 1 մլն դրամով, իսկ տարեկան հատկացումը` 7 221 000 դրամով։
Վետերանների պատվովճարները 9 ամսվա ընթացքում կազմել են 161 352 000 դրամ։ Սեպտեմբեր ամսվա համար 14 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։
Զոհվածների ընտանիքներին տրվող աջակցությունն 9 ամսվա ընթացքում ավելացել է 143 500 000 դրամով։
Իսկ հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող աջակցության չափը, հակառակը` նվազել է։ Նախապես հաշվարկված տարեկան 420 000 000 դրամից դառնալով 367 000 00 դրամ:
Ավելացել է նաև Արցախյան պատերազմի զոհերի գերեզմանների բարեկարգման համար 2021թ–ի բյուջեով հաստատված գումարը։ Այն 9 ամսվա ընթացքում ավելացել է 143 500 000 դրամով։
Ինչ վերաբերում է սոցիալական վճարներին, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 9 ամսվա բյուջեն ավելացվել է 3 710 000 դրամով, տարեկանը՝ 10 965 0 00–ով։
Արդյունքում մինչև 2 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին 9 ամսում հատկացվել է ընդհանուր 5 674 571 300 դրամ, տարվա ընթացքում` 7 591 278 000:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի 9 ամսվա հատկացումը ևս ավելացել է 200 մլն դրամով, ինչը կառավարությունը մեկնաբանում է այս տարի ծնված երեխաների թվաքանակի ավելացմամբ։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի 9 ամսվա հատկացումը ևս ավելացել է 200 մլն դրամով, ինչը կառավարությունը մեկնաբանում է այս տարի ծնված երեխաների թվաքանակի ավելացմամբ։
Մայրության նպաստների չափը ևս սեպտեմբերին ավելացել է 1 մլրդ դրամով` 9 ամսվա ընթացքում հասնելով 10 134 286 200 դրամի։
Կենսաթոշակների և այլ վճարների չափը նույնպես ավելացել է 9 ամսվա համար` 21 600 000, ամբողջ տարվա համար` 33 546 000 դրամով։
Նշենք, որ այս փոփոխությունները կառավարությունը հաստատել է առանց նիստ գումարելու` գրավոր ընթացակարգով։