ՌԱԴԻՈ

Զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնն  առջևո՞ւմ է. Ապրեսյանը` նախարարի կանխատեսումների մասին

Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ հատկապես կորոնավիրուսից և պատերազմից հետո զբոսաշրջային հոսքեր ապահովելու համար անհրաժեշտ է համալիր աշխատանքներ իրականացնել։
Sputnik
Մինչև տարեվերջ շուրջ 1 միլիոն զբոսաշրջիկ ունենալու հավանականություն կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` անդրադառնալով նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը։
«Միայն խոսելով չէ, աշխատել է պետք։ Եթե աշխատենք՝ կարող ենք հասնել և անցնել 1 միլիոնի շեմը»,- ասաց նա։
Օգոստոսի դրությամբ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքն աճել է 30%-ով. Քերոբյան
Ապրեսյանի կարծիքով` հետպատերազմական շրջանում և կորոնավիրուսի համավարակի հետևանքով շատ երկրների զբոսաշրջային սանդղակում Հայաստանը հայտնվել է և շարունակում է մնալ «կարմիր գոտում»։ Հայաստանը «կանաչ գոտի» վերադարձնելու համար առողջապահության, էկոնոմիկայի նախարարությնները, զբոսաշրջության կոմիտեն և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է միավորեն ջանքերը։
«Հատկապես այսօր հետկորոնավիրուսային իրավիճակում հնարավորություններից օգտվել է պետք, ամեն երկիր ձգտելու է համաշխարհային շուկայում ամրապնդել և ընդլայնել իր դիրքերը։ Պետք է կարողանանք աշխարհը գրավել դեպի մեզ»,- նշեց Ապրեսյանը։
Նրա խոսքով` 2020 թվականին Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 375.000։ Եթե այս տարի հաջողվի 1-1.2 միլիոն զբոսաշրջիկներ բերել Հայաստան, էկոնոմիկայի նախարարի 319 տոկոսանոց աճի մասին կանխատեսումները կիրականան։
Ինչպես ՌԴ–ում ստացած կրթությունն Էմմային օգնեց Հայաստանում զբաղվել զբոսաշրջային նախագծերով
«Սեպտեմբեր-հոկտեմբերը զբոսաշրջության համար ամենաակտիվ սեզոնն է։ Անհրաժեշտ է նաև ակտիվ մարկեթինգային քաղաքականություն, ռեսուրս չպետք է խնայել, որովհետև դրանք պարզապես ծախս չեն, ներդրում են, որոնք հետո էլի գումար են բերելու»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ օգոստոսի վերջին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 30%-ով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է դեպի Հայաստան մոտ 1 միլիոն զբոսաշրջային հոսք ապահովել։ Ավելի վաղ Քերոբյանն ասել էր, որ 2021-ին սպասվում է 319 տոկոս զբոսաշրջիկների աճ. խոսքը, մոտավոր հաշվարկներով, 1.2 միլիոն զբոսաշրջիկի մասին էր։