ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Թբիլիսիի փողոցներից մեկը կկրի հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը։ Վրաստանի քաղաքային խորհուրդը Թբիլիսիի մի քանի փողոցները վերանվանելու որոշում է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:
Փարաջանովի անունով կկոչվի Մտածմինդայի շրջանի Կոտե Մեսխիի փողոցում գտնվող նրբանցքը, որտեղ ապրել է նշանավոր ռեժիսորը:
Քաղաքային խորհրդի պատգամավորները հավանություն են տվել նաև ևս մի քանի փողոցների անվանափոխությանը։
Սերգեյ Փարաջանովը համարվում է ХХ -րդ դարի նշանավոր կինոռեժիսորներից մեկը։ Նրա «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» և «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը լեգենդար են դարձել։
Հայազգի ռեժիսորը ծնվել է Թբիլիսիում 1924 թվականի հունվարի 9-ին Իոսիֆ (Հովսեփ) Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում: Ինքը՝ մաեստրոն, համարում էր, որ երեք հայրենիք ունի՝ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան։