ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այսօր Մախաչկալայում Մուրադովը մասնակցել է «Հայրենիքի հերոսներ» համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Ես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը գնահատում եմ միայն դրական: Մեզ գնահատում է նաև խաղաղ բնակչությունը։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Ամեն ինչ լավ է», - ասել է Մուրադովը:
Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Առաջին հինգ տարիներից հետո որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու և հետագա երկարաձգման վերաբերյալ», - ասել է նա:
Արդեն հայտնել ենք, որ Ռուստամ Մուրադովը ավարտել է իր առաքելությունը որպես Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար: Նրան փոխարինել է գեներալ -մայոր Միխայիլ Կոսոբոկովը։