ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik․ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Министр по ЧС Андраник Пилоян принял Чрезвычайного и Полномочного Посла Индии Кишана Дана Джала (9 сентября 2021). Еревaн
© Photo : official site of the MES of RA
Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է համագործակցության ակտիվացումը ՀՀ ԱԻՆ և Հնդկաստանի ներքին գործերի նախարարության միջև՝ կազմակերպելով փոխայցելություններ փորձի փոխանակման նպատակով: Անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում:
Դեսպան Կիշան Դան Դևալին առաջարկել է աջակցել ԱԻ նախարարությանը՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հայաստանում մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և աղետների ռիսկի կանխարգելման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու գործում:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների և այցի համար, ինչպես նաև վերահաստատել կողմերի պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար: