«Հայաստան» դաշինքը դատապարտում է սեպտեմբերի 21–ին նախատեսված գունագեղ միջոցառումը

Դաշինքը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. «Հայաստան» դաշինքը դատապարտում է սեպտեմբերի 21–ին Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառումը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ սեպտեմբերի 21-ը անառարկելիորեն ՀՀ ազգային, պետական տոնացույցի ամենաարժեքավոր օրերից է։
«Բայց այսօր հազարավոր զոհերի, խոցված ինքնիշխանության, անվտանգային լրջագույն մարտահրավերների, գերիների, համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ: Այն անարգանք է մեր զոհերի հիշատակին և արդարացիորեն հարուցել է հերոս տղաների ծնողների, ընտանիքի անդամների և մեր հասարակության վրդովմունքը»,– նշել են դաշինքի ներկայացուցիչները։
Ըստ հայտարարության` «Հայաստանը» չի հրաժարվում անկախությունն արժևորելու խորհրդից, բայց դրա լավագույն դրսևորումը պիտի լիներ պետականության ամրագրումը, պետական և ազգային ինստիտուտների նկատմամբ իշխանության նախաձեռնած հետևողական կազմաքանդման և նսեմացման արշավի դադարեցումը, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորումն ու սպառնալիքների իրական դիմագրավումը։
Նշվում է, որ Անկախության 30-ամյակի առիթով պետական հանձնաժողով ձևավորելու պայմաններում կարելի էր երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին համարժեք համեստությամբ արժևորել տոնը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց` որոշել են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, այդ իսկ պատճառով սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն։