ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Գյումրին կռնա» դաշինքն այսօր պաշտոնապես հանձնեց Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում «Ազգային արժեք ակումբի» անդամ, Գյումրիում գործող հյուրանոցներից մեկի տնօրեն Վարդան Սրտաշյանն է։ Նա Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ ներկայացրել են 20 հոգանոց ցուցակ։
«Փաստաթղթերը ներկայացրինք, ԸԸՀ–ում նայեցին։ Կարծում եմ` բացթողում ու թերի փաստաթղթեր չկան»,- ասաց նա։
«Ազգային արժեք ակումբն» ավելի վաղ կոալիցիոն հուշագիր էր ստորագրել «Հայք», «Նժդեհյան ցեղակրոն» և «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների հետ:
Ըստ մեր տեղեկությունների` Գյումրու հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», Հանրապետություն կուսակցությունները, «Թասիբով» դաշինքը, սակայն մինչ այս ԸԸՀ առաջադրման հայտ ներկայացրել էր «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որի ընտական ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00-ն: