ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ (Լեո) Ղազարյանի մոտ դրական դինամիկա է արձանագրվել. նա արձագանքել է հարազատներին։ Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում «Շիրակի» էջից։
Նշվում է, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել ու հայտնվել կոմայում։
«Մի քանի օր է` «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։ Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան` ցույց է տվել արձագանք»,–նշված է գրառման մեջ։
Գրառման վերջում պատերազմի դաշտում մահին հաղթած ֆուտբոլիստին մաղթում են հաղթահարել նաև այս փորձությունը ու վերադառնալ խաղադաշտ։