ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Առողջապահության ապահավոգրությամբ տրվող բժշկական ծառայությունների որակը չի զիջի վճարովիի որակին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը։
Նա հայտնեց, որ գնագոյացման հետազոտության հիման վրա պետությունն այժմ մոտավորապես 34%-ով թերֆինանսավորում է պետպատվերի շրջանակում տրվող ծառայությունները։ Դա չի կարող չանդրադառնալ ծառայությունների որակի վրա։
Սակայն առողջապահության ապահովագրման փաթեթների դեպքում հաշվարկներն իրականացվել են բժշկական ծառայությունների այժմ գործող գների հիման վրա ու պետք է ամբողջությամբ ծածկեն բժշկական հիմնարկների ծախսերը։
«Ծառայությունների գնի ձևավորման համար հիմք է հանդիսացել նորմատիվային ծախսերը։ Այսինքն` ուսումնասիրվել են բազմաթիվ հիվանդանոցային դեպքեր` և՛ վճարովի ծառայությունները, և՛ պետպատվերի շրջանակներում, ու դրանց հիման վրա ձևավորվել են կլինիկական սխեմաները, որոնք արտահայտում են այսօրվա պայմաններում լավագույն փորձը։ Ձևավորվել են նորմատիվային միավորներ, որոնք ենթադրում են որոշակի ստանդարտներ», – ընդգծեց մասնագետը։
Խարազյանը նշեց, որ հնարավորինս կանխատեսվել ու չեզոքացվել է այն ռիսկը, երբ մինչ տարեվերջ գումարները սպառվում են ու մարդիկ ամիսներ շարունակ սպասում են իրենց անհրաժեշտ ծառայության մատուցմանը։ Կա կանխատեսում, որ համակարգի ներդրման առաջին երկու տարում լինելու է դիմելիության աճ, սակայն այս ռիսկը կառավարելի է։ Ըստ մասնագետի` հանրապետության բոլոր բժշկական ծառայությունները պետք է բերվեն համապատասխան որակի, ապահովվեն բժշկական սարքավորումներով ու կադրերով, որպեսզի մարզերի բնակիչները տեղում ստանան անհրաժեշտ բուժօգնությունը։
Իսկ համակարգի առողջապահական ու ֆինանսական ռիսկերի արդյունավետ ու կենտրոնացված կառավարման համար նախատեսվում է ստեղծել հիմնադրամ։ Ըստ մասնագետի` թափանցիկ կառավարումը, հանրային սեկտորի մասնագետների ներգրավումը կառավարման խորհրդում, ինչպես նաև երկու կոմիտեների (ծառայությունների գնման ու վերահսկման) ստեղծումը մինիմալիզացնում են կոռուպցիոն ռիսկերը։ Բացի դա, նախատեսվում է օրենքի և ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնցով կարգավորվելու է ծառայությունների գնումը, բուժհիմնարկների ընտրությունը և այլ կարևոր հարցեր։
Նա տեղեկացրեց, որ քննարկումները շարունակվում են ու մինչ սեպտեմբերի վերջ կներկայացվի արդեն նորացված ու վերախմբագրված, վերջնական տեսքի բերված առողջության ապահովագրման համապարփակ հայեցակարգը։
Ավելի վաղ, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանը 2023 թվականից կգնա առողջության պարտադիր ապահովագրության։ Ենթադրվում է, որ աշխատողներն իրենց ամսական աշխատավարձից որոշակի գումար փոխանցելու են ապահովագրական ֆոնդին և դրանով ապահովագրելու են իրենց առողջությունը: Պետությունը դեռ հստակ չի որոշել՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կներդրվի միանգամից ամբողջ բնակչությա՞ն համար, թե՞ փուլային տարբերակով: Դեռ քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ 2019 թվականին ներկայացվել էր առողջության ապահովագրության հայեցակարգ, ըստ որի քաղաքացիները պետք է վճարեին աշխատավարձի 4-6% չափով կանխավճար։