Հայ-վրացական հարաբերությունները թևակոխում են զարգացման նոր փուլ։ Պաշտոնական Երևանն ու Թբիլիսին գիտակցում են, որ արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի` Վրաստան կատարած պաշտոնական այցին։
«Նոր նախագծերը, ենթակառուցվածքային ծրագրերը հնարավորություն կտան երկու երկրներին ապագայում հյուսիսը հարավին միացնելու, և այս նախագծերի շրջանակում երկու պետություններն էլ կկարողանան օգուտ քաղել»,- ասաց նա։
Նրա խոսքով` երկու երկրների վարչապետների ճեպազրույցում որևէ ծրագիր մասին անդրադարձ չեղավ, փոխարենը նրանք խոսեցին միայն ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, որն ուղղակի կապ ունի 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ։
«Այստեղ կարևոր է, որ Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կարողանա հասնել նրան, որ զուգահեռ ունենա և՛ երկաթգծային հաղորդակցություն Իրանի հետ, և՛ ճանապարհային բարձրորակ մագիստրալ (խողովակատար), որը դուրս բերի Հայաստանը դեպի Պարսից ծոց»,- նշեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ Նա Թբիլիսի է մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով։