ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է: Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Տարածաշրջանում կայուն զարգացման և անվտանգության ամրապնդման համատեքստում Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Սա, ըստ նրա, նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը 15 հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Встреча министров иностранных дел Армении и Грузии Арарата Мирзояна и Давида Залкалиани (8 сентября 2021). Тбилиси
© Photo
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:Բացի այդ, Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչը խաթարում է տարածաշրջանային կայունությանը:
Նախարարները համոզմունք են հայտնել, որ երկու երկրների միջև երկխոսության ակտիվացումն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Զրուցակիցները քննարկել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր և դրա շրջանակում նոր հնարավորությունները: