Իշխան Սաղաթելյանը կհամակարգի «Հայաստան» դաշինքի աշխատանքները ՏԻՄ ընտրություններում. ԶԼՄ

ՏԻՄ ընտրությունները ՀՀ մի քանի համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, նախատեսված են հոկտեմբերի 17–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Թեժ աշնանն ու ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է նաև խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը․ «Հայաստան» դաշինքում քննարկումների արդյունքում որոշել են, որ ՏԻՄ ընտրությունների համակարգման հարցը պետք է վստահել ՀՅԴ-ական ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։ Դաշինքը նրան պատվիրակել է մարզային շրջայցեր կատարել, հանդիպել կուսակցական ակտիվի և համակիրների հետ, շոշափել տրամադրությունները։
Հայտնի է, թե ՏԻՄ ընտրություններում ովքեր կղեկավարեն ՔՊ համամասնական ցուցակները
«Պարզ ասած՝ «ռազվեդկա» անել, որից հետո կքննարկեն ու որոշում կկայացնեն՝ որտեղ առաջադրվել և ում առաջադրել,-նշված է հրապարակման մեջ։
Պարբերականը նշում է նաև, որ ՏԻՄ-երին մասնակցելու են ոչ թե ՀՅԴ-ի, այլ դաշինքի ցուցակներով։ Երկու օր առաջ Սաղաթելյանը եղել է Շիրակի մարզում, առաջիկա օրերին այլ մարզեր էլ կայցելի։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի թեկնածուին, դեռևս որոշված չէ, չի բացառվում, որ դաշինքի Գյումրու շտաբի պատասխանատուներից մեկին առաջադրեն։
Հավելենք, որ ՏԻՄ ընտրությունները ՀՀ մի քանի համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, նախատեսված են հոկտեմբերի 17–ին։