ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք երեկ՝ կեսգիշերն անց, հրկիզել են «Դիլիջան ազգային պարկի» պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Դեպքի մասին իրազեկել ենք ոստիկանություն, և այս պահին նյութեր են նախապատրաստվում։ Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ»,–գրել է նախարարը։
Նա հույս է հայտնել, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, և այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։
Պետրոսյանը դեպքը կատարողներին կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում է` բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի։