Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նրա խոսքով`Առուշանյանի ներկայացուցիչներն արդեն ԿԸՀ համապատասխան դիմում են ներկայացրել։
«Առուշանյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ «Վերածնվող Հայաստանը» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները դաշինք են կազմել, և այն կրելու է «Առուշ Առուշանյան» անունը»,- ասաց Մելքոնյանը։
Նշենք, որ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանական թիմի միջնորդությունը դատարանը կքննի սեպտեմբերի 10-ին։
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին:
Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։