ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։
Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Ամենայն հայոց կաթողիկոսն ի դեմս դեսպան Ջոնաթան Լաքոտի՝ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հույս հայտնեց, որ Ֆրանսիան՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր նպաստը կբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի կարգավորման գործում։
Դեսպան Ջոնաթան Լաքոտն երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ իր առաքելությունն է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանումն ու շարունակական ընթացքի ապահովումը:
Դեսպանն արձանագրեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջացրել է բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս չեն արժանացել միջազգային հանրության պատշաճ ուշադրությանն ու գնահատանքին: Այս առնչությամբ դեսպան Ջոնաթան Լաքոտը հավաստիացրեց, որ Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել խնդրի արդար և խաղաղ կարգավորման համար:
Հիշեցնենք` Ժոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր նշանակվել 2017թ.–ի սեպտեմբերի 11–ին։
Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Անն Լույոն։