ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ գիշերը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։ Նրա խոսքով՝ տեղեկացվել են կալանքի մասին, սակայն որոշումը դեռ չեն ստացել։ Դատարանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը։ Այն ամբողջական ստանալուն պես կծանոթանան և կդիմեն վերաքննիչ դատարան՝ բողոքի։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունն երեկ` սեպտեմբերի 7–ին, հայտնել էր, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա երեկ ձերբակալվել էր։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։