ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Աֆղանստանի վերջին հրեան՝ 62-ամյա Զեբուլոն Սիմանտովը, փախել է «Թալիբանի» գրաված երկրից, տարհանման գործողությունը կազմակերպել են մասնավոր բարեգործական կազմակերպությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Աֆղանստանում հայտնի գործչին ուղեկցել են մասնավոր պահնորդական ընկերության ներկայացուցիչները, որոնց վարձել է ամերիկաբնակ հրեա Մոշե Մարգարետենը։ Վերջինս զբաղվում է վտանգավոր իրավիճակներում հայտնված հայրենակիցների փրկությամբ:
Ըստ տեղեկությունների` Սիմանտովին նախկինում էլ են առաջարկել լքել Աֆղանստանը Քաբուլից ամերիկացի զինվորականներին տարհանելու ընթացքում: Սակայն նա չի օգտվել այդ առաջարկից. վախեցել է բախվել Իսրայելի արդարադատության պահանջներին։ Տարիներ շարունակ նա հրաժարվել է կրոնական ապահարզան տալ իր կնոջը, իսկ Իսրայելի դատական համակարգը պատիժ է նախատեսում նման մերժման համար։ Այժմ Սիմանտովը ուղևորվել է ԱՄՆ, որտեղ մտադիր է վերամիավորվել ընտանիքի հետ:
Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել էին, որ Սիմանտովին ոչինչ չի սպառնում Աֆղանստանի տարածքում։ Սակայն հետո մտավախություններ են առաջացել բազմաթիվ ծայրահեղական խմբավորումների պատճառով, որոնք այժմ գործում են երկրի տարածքում:
Սիմանտովի տարհանման գործողության ընթացքում Աֆղանստանից դուրս են բերվել նաև շուրջ 30 կին և երեխա, այդ թվում ՝ ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի անդամները:
Հիշեցնենք` «Թալիբանը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում: