ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի –Sputnik. Յոթ պետությունների զորակազմերը ժամանել են Նիժնի Նովգորոդի մարզ՝ «Զապադ -2021» ռազմավարական զորավարժություններին մասնակցելու։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունը հայտնում է, որ Հայաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Պակիստանի ու Շրի Լանկայի շուրջ 500 զինծառայողներ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով թռել են Արևմտյան ռազմական օկրուգի մարտական պատրաստության կենտրոնի ինքնավար դաշտային ճամբար ու սկսել են սպառազինության, ռազմական ու հատուկ տեխնիկայի ընդունումն ու համատեղ վարժանքների նախապատրաստությունը։
Նշվում է, որ հինգ օրվա ընթացքում զինվորականները կծանոթանան համատեղ զորավարժության անցկացման հրապարակներին, կիրականացնեն սպառազինության և ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ Տ - 72Բ3 տանկերի, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների, ինչպես նաև ԱԿ-74Մ ինքնաձիգների, նռնականետերի ու գնդացիրների փորձարկում:
«Զապադ-2021» ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժություններին կմասնակցեն շուրջ 200 հազար մարդ, ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր մարտական տեխնիկա, որոնցից 13 հազար մարդ, ավելի քան 30 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 350 միավոր մարտական տեխնիկա կգործարկվեն Բելառուսի տարածքում: Ռուսական և բելառուսական կողմերը բազմիցս հայտարարել են առաջիկա զորավարժությունների պաշտպանական բնույթի մասին, դրանք ուղղված չեն որևէ մեկի դեմ։