ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելք մեկնելուց հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ հանգստանում է սիբիրյան տայգայում: ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը Վլադիվոստոկում մասնակցել էր Արևելյան տնտեսական ֆորումին, որից հետո աշխատանքային այցով մեկնել Ամուրի մարզ, հետևել «Վոստոչնի» տիեզերակայանի ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության ընթացքին, ինչպես նաև հանդիպում ունեցել նահանգապետ Վասիլի Օրլովի հետ:
«Նա իսկապես Շոյգուի հետ այնտեղ է։ Տեղը չեմ ասի։ Սիբիր է։ Սովորական հանգիստ է՝ տայգա, լեռներ, զբոսանք, թարմ օդ և այլն»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, որ նախագահը Մոսկվա կվերադառնա վաղը` օրվա երկրորդ կեսին: