Ինքնակամ լքել է մարտադաշտը․ գումարտակի հրամանատարը կրկին կալանավորվեց

Վերաքննիչ դատարանն ավելի վաղ բեկանել էր կալանավորման որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը բավարարեց դատախազի բողոքը, ու սպան կրկին կալանավորվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հրամանատարը լքել է մարտադաշտը, արդյունքում եղել են զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք էր առաջադրվել դեռևս այս տարվա մարտի 16-ին։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 356-րդ հոդվածի 3-րդ մասով (Հրամանը չկատարել ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) և 380-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը)։
Ըստ մեղադրանքի՝ վերջինս, զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, և սպան կալանավորվել էր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Սպան ազատվել էր կալանքից:
Այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Մեղադրյալը կալանավորվել է։ Նա արդեն տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությունը շարունակվում է:
«Սա չի փրկելու իշխանությանը». Զաքարյանը` ծառայությունը կասեցված 2 հրամանատարի մասին