Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը զրոյական կետից կազմակերպեց խաղաղապահ առաքելությունն Արցախում։ Այս ընթացքում նա լուծեց բազում ռազմական, կազմակերպչական, քաղաքական խնդիրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
«Նա պատվով կատարեց իր գործը` նաև որպես կովկասյան մենթալիտետի կրող, ծառայությունը լավ իմացող, այն լավ կազմակերպող զինվորական։ Լավ տպավորություն թողեց ամեն դեպքում»,- ասաց նա։
Ըստ փորձագետի` գերիների փոխանակման հարցում ևս, որտեղ խաղաղապահ զորախմբի հրամանատարը մեծ հաշվով ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն չուներ, Մուրադովը ցուցաբերում էր առավելագույն զսպվածություն։
«Մուրադովը որակյալ կատարում էր այդ խնդիրը` կրկին դրսևորելով զսպվածություն, գրագիտություն, զգայուն հարցերում կողմերից ոչ մեկին չգրգռելով, ոչ մեկի ցավոտ զգացմունքները չտրորելով»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով` Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից պետք է պատրաստվեր 2025-ի նոյեմբերին, երբ լրանում է Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետը, մինչդեռ այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել։
«Ողջ հույսը դրվում է այն բանի վրա, որ իրենք չեն հեռանա, բայց դե իրեն հարգող պետությունը չպետք է նման հաշվարկով քաղաքականություն կառուցի։ Ինչպես ասում էր ամերիկյան նախագահներից մեկը` ինձ պետք են ամենավատ սցենարներով մտածող գլխավոր շտաբի պետեր։ Մենք պետք է ամենավատ սցենարով մտածենք` եթե ռուսական զորքերը հեռանան, ինչ կլինի»,- հավելեց փորձագետը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Խաղաղապահ զորախումբն Արցախում տեղակայվելուց մինչ օրս ղեկավարում էր Ռուստամ Մուրադովը։