ՀՀ–ն վարկային վարկանիշ կստանա Fitch-ի և Moody's–ի ռուսական անալոգից. հուշագիր է ստորագրվել

ՀՀ ֆինանսների նախարարն արդյունավետ է գնահատել Եվրասիական զարգացման բանկի հետ իրականացված բազմաթիվ համատեղ ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը` հավելելով, որ այն ստորագրել են ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և АКРА գործակալության խորհրդի նախագահ Միխայիլ Սուխովը:
ՀՀ-ն վերականգնել է պատերազմից ու կորոնավիրուսից տուժած տնտեսական կայունությունը. նախարար
«Հուշագրի շրջանակներում կողմերը սահմանում են համագործակցության հետևյալ ոլորտները՝ Հայաստանի Հանրապետությանը սուվերեն վարկային վարկանիշի շնորհում, վարկանիշային ծառայությունների մատչելիության ապահովում, ներառյալ՝ ՀՀ ֆինանսական շուկայի ռեզիդենտ ընկերությունների՝ АКРА վարկային վարկանիշներով գնահատում, ՀՀ թողարկած պարտատոմսերին վարկային վարկանիշների տրամադրում՝ ԵԱԶԲ-ի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում շահավետ պայմաններով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Եվրասիական զարգացման բանկի հետ իրականացված բազմաթիվ համատեղ ծրագրերը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Նիկոլայ Պոդգուզովն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանը և ԵԱԶԲ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել: