ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ իր թեկնածուներով։ Այսօր կուսակցության վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊԿ մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Այսպիսով՝ ըստ վարչության որոշման՝ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը։
Դիլիջանում ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը։
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում համամասնական ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը, Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը, Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը։
Հայաստանում նշված համայնքներում ՏԻՄ ընտրություններ կկայանան հոկտեմբերի 17–ին։