ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Ընկերությունն այս մասին ահազանգեր է ստացել։ Facebook-ի պաշտոնական էջում «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը զգուշացնում է՝ անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:
««ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հորդորում է նաև ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրներից։